ԱրցախՔաղաքականություն

Արցախի նախագահի նոր ընտրությունները կկայանան առաջիկա 10 օրում

Մայիսի 21-ին լրանում է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորությունների ժամկետը։ Նա ընտրվել էր 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Արցախում տիրող ծանր իրավիճակի պայմաններում։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ թեև Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, դա չի նշանակում, որ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն հենց նույն օրը։ Ըստ նրա, առաջիկա 10 օրվա ընթացքում տեղի կունենան Արցախի նախագահի նոր ընտրությունները։

Նախընտրական գործընթացը կարգավորվում է Արցախի Սահմանադրությամբ և կանոնակարգ օրենքով։ Ըստ դրա՝ ընտրությունները կարող են անցկացվել ոչ շուտ, քան յոթերորդ օրը, և ոչ ուշ, քան տասներորդ օրը՝ գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո։ Այդ ընթացքում կանցկացվի նաև նախագահի թեկնածուների գրանցումը։

Մետաքսե Հակոբյանը նշել է, որ հաշվի առնելով ոչ ստանդարտ պայմանները՝ դեռևս մեկուկես տարի առաջ նախաձեռնվել են սահմանադրական փոփոխություններ, որպեսզի նախագահի ինստիտուտը պահպանվի նույնիսկ առանց համընդհանուր ընտրությունների։ Այս փոփոխությունների արդյունքում նախագահն ընտրվում է Արցախի Ազգային ժողովի կողմից։ Թեկնածուի օգտին անհրաժեշտ է պատգամավորների երկու երրորդի՝ առնվազն 22 պատգամավորի քվե։

Ընտրությունների նախաշեմին բոլոր հինգ խմբակցությունները հնարավորություն ունեն առաջադրել իրենց թեկնածուներին։ Սակայն այս փուլում հիմնական շեշտը դրվում է միասնականության և ներքին կոնսենսուսի վրա։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում իրականացրեց Արցախի դեմ։ Մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին, Արցախի իշխանությունները համաձայնեցին ռուսական խաղաղապահների միջնորդությամբ կրակի դադարեցման առաջարկին՝ ընդունելով Ադրբեջանի պայմանները։ Սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց Արցախի Հանրապետության լուծարման մասին, որը ուժի մեջ մտավ 2024 թվականի հունվարի 1-ից։ Դրանից հետո ավելի քան 100 հազար արցախցի բռնի տեղահանվեց դեպի Հայաստան։