
Բեյրութում 3 հայ ընտրվել է քաղաքային խորհրդի անդամ
Լիբանանում մայիսի 18-ին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրություններում հայկական ավանդական կուսակցությունների բոլոր թեկնածուներն ապահովել են հաղթանակ։ Սրա մասին հայտնել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամուլի և տեղեկատվության գրասենյակը։
Բեյրութի քաղաքային խորհրդի կազմի մեջ ընդգրկվել են երեք հայ ներկայացուցիչ՝ Հովհաննես Բուչաքջյանը (ՍԴՀԿ), Սերժ Մելքոնյանը և Վահրամ Պարսումյանը (ՀՅԴ)։ Նրանք ընտրվել են «Բեյրութը մեզ կհավաքի» կոալիցիայի կազմում, որն ապահովել է տարբեր համայնքների՝ այդ թվում քրիստոնյա և մահմեդական ներկայացուցիչների հավասարակշռված մասնակցություն։
Բեյրութի քաղաքային խորհուրդն ունի 24 անդամ, և հայկական ուժերի ներգրավումը կոալիցիայի կազմում, ըստ գնահատականների, վճռորոշ ազդեցություն է ունեցել քվեարկության արդյունքների վրա։
Բեյրութի ընտրություններին զուգահեռ տեղական ընտրություններ են անցկացվել նաև Բեքայի նահանգում, որտեղ ևս ՍԴՀԿ, ՀՅԴ և Ռամկավար Ազատական կուսակցությունների թեկնածուները ստացել են վստահության քվե։
Ըստ Հնչակյան կուսակցության՝ ընտրությունների այս փուլում հայ համայնքի դրսևորած միասնական դիրքորոշումը կարևոր ազդակ է 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Միևնույն ժամանակ, այն հաստատում է համայնքի շարունակական մասնակցությունն ու ներգրավվածությունը Լիբանանի քաղաքական կյանքում։