ՀայաստանՔաղաքականություն

Ադրբեջանի բանտում գտնվող լիբանանահայ գործիչը տեղափոխվել է հիվանդանոց

Ադրբեջանում 2020 թվականից գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Էուլջեքչյանի վիճակը վատթարացել է։

Սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Էուլջեքչյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն այս պահին պաշտոնական հաստատում այդ տեղեկության վերաբերյալ չկա։

Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը մայիսի 9-ին հայտնել էր, որ Վիգեն Էուլջեքչյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի, քանի որ նրան ավելի քան երկու ամիս թույլ չեն տվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Ավելի քան 15 օր հացադուլի արդյունքում նրան թույլ է տրվել երեք րոպեով հեռախոսազրույց ունենալ կնոջ՝ Լինդայի հետ։

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել է 2020 թվականի նոյեմբերին, իսկ 2021 թվականի հունիսին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանություն», «ահաբեկչություն» և «պետական սահմանի ապօրինի հատում» մեղադրանքներով։ 2023 թվականի դեկտեմբերին, երբ մի խումբ հայ գերիներ վերադարձվեցին հայրենիք, ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում ընդգրկված էր նաև Էուլջեքչյանի անունը, սակայն նա չվերադարձվեց։