ՀայաստանՔաղաքականություն

Վաղարշապատ ու Խոյ համայնքները կմիավորվեն․ համայնքապետը դեռ հայտնի չէ

Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է։ Այս մասին հունիսի 12-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը ընդգծեց, որ խոշոր համայնքային միավորների կառավարումը ավելի արդյունավետ է։ Միավորումների գործընթացը շարունակական է, և 2026 թվականին ևս փուլային եղանակով որոշ համայնքներ կդառնան խոշորացվող։

Ինչ վերաբերում է Վաղարշապատի համայնքի ղեկավարի թեկնածու Արգիշտի Մեխակյանին, Խուդաթյանը նշեց, որ նա լավագույն ընտրությունն է, քանի որ գիտի համայնքի խնդիրները, բացի այդ՝ նա եղել է Խոյ համայնքի ղեկավար և Վաղարշապատի համայնքի ղեկավարի տեղակալ։

Այնուհանդերձ, հունիսի 12-ին տեղի ունեցած Վաղարշապատի ավագանու նիստը, որի ժամանակ պետք էր ընտրել համայնքի ղեկավար, տապալվեց՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների պատճառով։ Ընդդիմադիր «Էջմիածին» և «Հայրենատէր» խմբակցությունները քվորում չեն հավաքել և նիստը հետաձգվել է։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել էր, որ բոյկոտելու է նիստերը, որպեսզի հետագայում կարողանա Արգիշտի Մեխակյանին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել։

Հիշեցնենք, որ Վաղարշապատի համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը մայիսի 27-ին հրաժարական էր տվել։