
Հովիկ Աբրահամյանը դատարանի որոշմամբ տնային կալանքի տակ է
Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին հայտնվել է քրեական հետապնդման կենտրոնում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հունիսի 13-ին նրան ձերբակալել էր՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության կասկածանքով։ Սակայն կալանավորման վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժել է, փոխարենը նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով՝ շուրջ յոթ ժամ տևած դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հիմնավոր կերպով ներկայացրել է, որ մեղադրանքն անհիմն է, իսկ ապացույցները՝ բացակա։ Նրա խոսքով՝ գործը հիմնված է դեռևս 2018-2019 թվականների ընթացքում ձեռք բերված ապացույցների վրա, երբ Աբրահամյանի դեմ նույնպես հարուցվել էր քրեական վարույթ, սակայն որևէ դատական որոշում այդպես էլ չի կայացվել։
Սա առաջին դեպքը չէ, երբ նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում։ 2018-ին Աբրահամյանի դեմ հարուցված գործը, որը վերաբերում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու ձեռնարկատիրական գործունեությանը, չավարտվեց որևէ իրավական հետևանքով։ Դրան հաջորդեց ևս մեկ աղմկահարույց դեպք՝ կապված Արարատի մարզում գործող «Ավազահատիկ» ընկերության բաժնետիրական կոնֆլիկտի հետ։ Տարիներ շարունակ այս ընկերության շուրջ տարվել են իրավական պայքարներ, որոնց կենտրոնում նույնպես հայտնվել է Աբրահամյանների ընտանիքը։ Ըստ որոշ հրապարակումների՝ նախկին վարչապետի ընտանիքին պատկանող բիզնես կառույցները տարիներ շարունակ օգտագործել են պետական լծակներ՝ տնտեսական գերիշխանություն պահպանելու համար։
Անտեսված չէ նաև մեկ այլ գործ՝ զենք-զինամթերքի հայտնաբերում նախկին վարչապետին կապվող գործարանի տարածքում։ Չնայած Աբրահամյանը մշտապես հերքել է իր կապը այդ վայրի և այնտեղ հայտնաբերված զինամթերքի հետ, իրավապահ մարմինների արձանագրությունները փաստում են, որ այդ տարում ընկերությունը շահագործվում էր նրա մերձավոր շրջապատի կողմից։ Սա ևս երբեք չի ստացել դատական լուծում, բայց հանրային վերլուծությունների մեջ մնում է որպես անպատասխան հարց, որում մեղադրյալների շարքերում երբեք անուններ չեն հնչեցվել։
Նրա ունեցվածքի ծագման օրինականության հարցը նույնպես բազմիցս է բարձրացվել։ Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ Աբրահամյանների ընտանիքի անունը կապված է շուրջ 18 մլրդ դրամի ակտիվների հետ, որոնց ծագման աղբյուրները չեն համապատասխանում հայտարարագրված եկամուտներին։ Այս խնդիրն առավել քան ակտուալ դարձավ 2021-ից հետո, երբ սկսվեց ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը։ Բայց, ինչպես բազմաթիվ այլ գործերի պարագայում, այստեղ էլ գործողությունները մնացին առանց վճռական իրավական ընթացքի։ Արդյունքում՝ տարիների ընթացքում հանրային սեփականության հնարավոր յուրացման, ֆինանսական մանիպուլյացիաների և ազդեցիկ կապերի միջոցով ստացված բիզնեսների փաստերը երբեք ամբողջությամբ չեն բացահայտվել։
Այժմ, երբ նախկին վարչապետը կրկին հայտնվել է իրավական գործընթացի թիրախում, հնչում են հարցեր՝ սա նոր գործընթացի սկիզբ է, թե հերթական մոռացվող վարույթ։ Փաստաբանի պնդմամբ՝ գործը հին է, ապացույցները՝ կրկնվող։ Այդ դեպքում ինչո՞ւ է այժմ որոշում կայացվել ձերբակալելու մասին, եթե միևնույն ժամանակ դատարանը չհավատաց կալանավորման հիմնավորվածությանը։ Այս հակասությունն էապես նվազեցնում է վարույթի նկատմամբ հանրային վստահությունը, և ողջամիտ կասկած է հարուցում՝ արդյոք սա իրավական արդարության իրականացում է։