
Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ: Համապատասխան հայցերը հունիսի 13-ին մուտքագրվել են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ։
Փաշինյանի դեմ ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել նրա՝ հունիսի 5-ին կառավարության նիստի ընթացքում արված և ՀՀ վարչապետի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված հետևյալ հայտարարությունը. «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, Ռոբերտ Քոչարյանի անունը հնչի, ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»։ Վերջինս պահանջում է նաև, որ վարչապետը հրապարակավ ներողություն խնդրի իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար և որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարի 6 միլիոն դրամ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքում և հրապարակային ներողություն՝ հունիսի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրած արտահայտությունների համար։ Նա Քոչարյանին անվանել էր «մարդասպան», «թալանչի», որը Հայաստանի Հանրապետություն «խոպան էր եկել իրա թայֆայով»։Քոչարյանը պնդում է, որ ԱԺ նախագահը հրապարակայնորեն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Նա պահանջում է Սիմոնյանից 6 միլիոն դրամ՝ զրպարտության և 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի հատուցման համար։