ՀայաստանՔաղաքականություն

Սերժ Սարգսյանի փեսայի վերաբերյալ ևս մեկ գործ է ուղարկվել դատարան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանՄիքայել Մինասյանի շուրջ քրեական սկանդալը թևակոխում է նոր փուլ։ Փողերի լվացման գործով ևս մեկ անձ՝ Ա.Ա.-ն, դատարանի առաջ կկանգնի։ 2025 թվականի հունիսի 5-ին գլխավոր դատախազությունը հաստատել է նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Քրեական վարույթով հիմնավորվել ու հաստատվել է, որ Ա.Ա.-ն Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի և նրա կողմից վստահված անձ Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել, օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք:

Գործը վերաբերում է շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլար փողերի լվացման գործին, որի հետևում, ըստ քննիչների, կանգնած է նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Ըստ նախաքննական տվյալների՝ դեսպանը, օգտագործելով իր պաշտոնը և կապերը, 2013 թվականին կազմակերպել է ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության մուտքը հայկական շուկա՝ պայմանով, որ դրա դիմաց ինքը դառնա ընկերության 22 %-ի բաժնետեր։

Ինչպես Ընկերության, այնպես էլ ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունը: Այնուհետև, պայմանավորվածության շրջանակներում Լ.Ա.-ն Շոտլանդիայում հիմնադրել է OIL TECHNO LP ընկերությունը, որի 66% բաժնեմասը փաստացի պատկանել են Միքայել Մինասյանին, իսկ 34%-ը՝ Ա.Ա.-ին:

Ավելի ուշ Ա.Ա.-ն ամբողջությամբ գնել է այդ ընկերությունը, իսկ 2019-ին վաճառել 7,2 միլիոն դոլարով։

Քննության արդյունքում պարզվել է, որ այս գումարը հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել։ Ավելին՝ դրա մի մասը հետագայում փորձել են ներկայացնել որպես փոխառություն՝ փողերի ծագումը քողարկելու նպատակով։ Այսպիսով, Ա.Ա.-ն, Միքայել Մինասյանի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ ընդհանուր 3 միլիարդ 457 միլիոն 406 հազար դրամին համարժեք 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույք:

Նախկին դեսպան Միքայել Մինասյանի, նրա վստահված անձ Լ.Ա.-ի և Ա.Ա.-ի անունները այս գործով շաղկապվում են ոչ միայն գումարների լվացման, այլ նաև ազդեցության չարաշահման և շահադիտական համաձայնությունների մեջ։

Այս պահին Միքայել Մինասյանի վերաբերյալ հարուցված առանձին վարույթ արդեն իսկ գտնվում է դատական փուլում։