ՀայաստանՔաղաքականություն

Գոռավանի 15 տարվա ղեկավարը սեփականացրել է հարյուրավոր հեկտար հողեր. գործը Հակակոռուպցիոն դատարանում է

Արարատի մարզի Գոռավան համայնքում տարիներ շարունակ համայնքապետ աշխատած Ա.Բ.-ն այժմ մեղադրվում է համայնքին պատկանող հսկայածավալ հողատարածքների յուրացման, գույքահարկից խուսափելու, պետական կտրոններ յուրացնելու և փողերի լվացման մեջ։

Քննությամբ պարզվել է, որ նա ավելի քան 15 տարվա պաշտոնավարման ընթացքում՝ 2006-ից 2021 թվականներին, 33 դեպքերով ձևական աճուրդների ու մրցույթների միջոցով 543 հա հողատարածք գրանցել է իր, ընտանիքի անդամների ու մոտ շրջապատի անունով։ Հողի վերակազմակերպման այս գործընթացը եղել է խիստ կազմակերպված և համակարգված։

Նա 2 դրվագով կատարել է փողերի լվացում՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 3.5 հա և 0.37 հա հողատարածքները:

Բացի հողերի պատմությունից, նա մեղադրվում է նաև համայնքապետարանի համար նախատեսված ավելի քան 1 միլիոն դրամի սեղմված գազի կտրոնների յուրացման մեջ։ Իսկ իր ավտոմեքենաների գույքահարկից խուսափելու համար գույքահարկի համակարգում ներկայացրել է կեղծ տվյալներ՝ պետությանը պատճառելով շուրջ 1 միլիոն դրամի վնաս համայնքին։

Գործով անցնում է նաև նրա որդին, ով մեղադրվում է հորը օգնելու մեջ։