
Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը. աշխարհում նավթի գինը կարող է բարձրանալ
Իրանի խորհրդարանը որոշում է կայացրել փակել Հորմուզի նեղուցը, որը համարվում է համաշխարհային էներգետիկ միջանցք։ Վերջնական որոշումը պետք է հաստատի երկրի Ազգային անվտանգության խորհուրդը։ Այս պահին քննարկվում է, թե երբ և ինչ պայմաններով որոշումը կարող է իրականացվել։
Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթային արտահանման գրեթե հինգերորդ մասը։ Այն միացնում է Պարսից և Օմանի ծոցերը։ Նեղուցի հյուսիսում Իրանն է, իսկ հարավում՝ Օմանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Հորմուզը կփակվի, եթե շարունակվի Իրանի ինքնիշխանության դեմ ագրեսիան։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ծովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին զգուշացրել էր, որ «Թեհրանը չի հանդուրժի իր տարածքային ամբողջականության խախտումը»։
Ի պատասխան դրա՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, որ նեղուցը փակելու փորձը կարող է «ինքնասպանություն» լինել Իրանի համար։
Հորմուզի նեղուցն ունի մեծ ռազմավարական նշանակություն։ Այն Պարսից ծոցի միակ ելքն է դեպի բաց ծով՝ կարևոր նավթային ու գազային երթուղի Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, ԵՄ-ի և այլ երկրների համար։ Այդ ճանապարհով նավթ են մատակարարում Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն և Բահրեյնը։
Նեղուցի հնարավոր փակումը կարող է խաթարել նավթի ու գազի մատակարարումները, բարձրացնել համաշխարհային գները և խորը ճգնաժամ առաջացնել միջազգային շուկայում։ Նեղուցը շրջանցելու միակ այլընտրանքն էներգակիրները խողովակաշարերով տեղափոխելն է, ինչի հասանելիությունն ունեն միայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Իրանը։