
Հայաստանի ԱԳՆ-ն քննադատում է Իսլամական համագործակցության կազմակերպության վերջին հռչակագիրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դժգոհություն է հայտնել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) վերջին նախարարական համաժողովում ընդունված հռչակագրի և Ադրբեջանի առաջարկած բանաձևերի վերաբերյալ։
ԱԳՆ-ն հայտարարում է, որ համաժողովի ժամանակ ընդունված «Ստամբուլի հռչակագրում» արված ձևակերպումները խեղաթյուրված են, բացահայտ միակողմանի և վնասում են խաղաղության հաստատմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայկական կողմը հատկապես մտահոգված է Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթով, որը, ըստ նախարարության, իրականում տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։
ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»
ԱԳՆ-ն հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են կամավոր, իսկ հայերը Ադրբեջանում ենթարկվել են բռնությունների և տեղահանության։ Այդ գործընթացի վերջին օրինակը, ըստ հայտարարության, 2023 թվականի աշնանն է, երբ ավելի քան 115,000 հայեր ստիպված լքեցին Լեռնային Ղարաբաղը։
Հայաստանը նաև անհամաձայնություն է հայտնել Խոջալուի դեպքերի մեկնաբանության, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության հարցի ներկայացման ձևի վերաբերյալ՝ ընդգծելով, որ անտեսվում է Ադրբեջանում հայկական մշակութային կոթողների նկատմամբ վանդալիզմի փաստը։
ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ և միջազգային կառույցներից ակնկալում է աջակցություն այս գործընթացին, ոչ թե խոչընդոտներ։
Նախարարությունը կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներին չաջակցել նախաձեռնությունների, որոնք ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ և վտանգում են խաղաղ կարգավորման հնարավորությունը։