ՀայաստանՔաղաքականություն

Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել ապօրինի գույք ունեցող անձի հետ

Հակակոռուպցիոն դատարանի վճռով 2025 թվականի հունիսի 26-ին հաստատվել է հաշտության համաձայնություն, որը կնքվել էր ՀՀ գլխավոր դատախազության և «Սթոնս» ՍՊԸ-ի ղեկավար Սուրեն Ավագյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց միջև։ Համաձայն պայմանավորվածության՝ Ավագյանը և նրա հետ փոխկապակցված անձինք պարտավորվել են պետությանը փոխանցել ընդհանուր 87 միլիոն 622 հազար դրամ (շուրջ 227 հազար ԱՄՆ դոլար)։

Համաձայն Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունիսի 26-ի վճռի՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է: Սահմանվել է, որ նրանք մեկ շաբաթվա ընթացքում պետք է վճարեն 50 միլիոն դրամ, իսկ մնացած 37 միլիոն 622 հազար դրամը՝ մեկ տարվա ընթացքում:

Նշենք, որ Գլխավոր դատախազությունում 2020 թվականի հոկտեմբերի 9-ից սկսվել էր Սուրեն Ավագյանին պատկանող գույքի ուսումնասիրությունը: 2023 թվականի մարտի 22-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացվել է հայցադիմում՝ Սուրեն Ավագյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

2025 թվականի հունիսի 23-ին ներկայացվել է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն, համաձայն որի՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա՝

  1. 75 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  2. 347 հազար դրամ՝ որպես տրամադրված փոխառության չվերադարձրած մասի պահանջի իրավունք.
  3. 19 միլիոն 985 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ:

Պատասխանողները ներկայացրել են դիմում՝ վարույթը հաշտությամբ ավարտելու ցանկությամբ և պարտավորվել են փոխանցել պետությանը ամբողջ գումարը։