ՀայաստանՔաղաքականություն

Իշխանությունը պնդում է՝ ՀԷՑ-ի մասին նախագիծը կապ չունի Սամվել Կարապետյանի հայտարարության հետ

Ազգային ժողովում հուլիսի 1-ին սկսվել է քննարկում, որը վերաբերում է էներգետիկ ոլորտում վերահսկողության խստացման նոր օրենքներին։ Խոսքը վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գործունեության վերահսկողությանը՝ այն դեպքում, երբ պետական մարմինները նկատում են ռիսկեր։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկայում բացակայում են մեխանիզմներ, որոնք լիցենզավորված ընկերության նկատմամբ վարույթ հարուցելու դեպքում կապահովեն կրիտիկական ենթակառուցվածքների անխափան գործունեությունը՝ պաշտպանելով սպառողների շահերը։ Առաջարկվում է սահմանել, որ ռիսկեր նկատելու դեպքում կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, ինչի հիման վրա հնարավոր կլինի կանխարգելիչ միջոցառումներ կիրառել լիցենզավորված անձանց նկատմամբ։

Քննարկումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ, որին հաջորդեց նրա կալանավորումը։

Կառավարության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ նախագիծը և այդ հայտարարությունը կապ չունեն այդ իրադարձությունների հետ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ «հանձնարարությունը եղել է հայտարարությունից առաջ, և եղել է գրավոր»։

Իշխող ուժի ներկայացուցիչները նշում են, որ նախագիծը անհրաժեշտ է էներգետիկ համակարգի անխափան գործունեությունն ապահովելու համար, քանի որ այս ոլորտը համարվում է ռազմավարական։ Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հավելեց, որ նման կարգավորումները պետք է արվեին 10-15 տարի առաջ։

Ընդդիմադիրները այս ծրագիրը վտանգավոր են համարում։

Քննարկման ընթացքում խոսվեց նաև պետական «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության խնդիրների մասին։ Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարց բարձրացրեց, թե ինչու իշխանությունը ուշադրություն չի դարձնում նաև այս պետական ընկերության խնդիրներին։ Նախարար Խուդաթյանն արձագանքեց՝ նշելով, որ գողության դեպքեր են գրանցվել և խնդիրներ կան շինարարական ընկերության հետ։

Նախագիծը դեռ քննարկման փուլում է և քվեարկության չի դրվել։