ՀայաստանՔաղաքականություն

ՀԷՑ-ը պետականացնելու փաթեթը Ազգային ժողովում ընդունվեց

Հայաստանի Ազգային ժողովը որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացման առաջին քայլն անել։ Առաջին ըներթցմամբ 65 պատգամավոր կողմ է քվեարկել, 30-ը՝ դեմ։ Ձեռնպահ չի եղել։ Այս գործընթացը բուռն արձագանք առաջացրեց թե՛ խորհրդարանում, թե՛ հանրության շրջանում։ Հուլիսի 1-ին, երբ նախագիծը քննարկվում էր արտահերթ նիստի ժամանակ, ԱԺ դահլիճում մթնոլորտը լարված էր։ Ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին՝ սա իշխանության հերթական քայլն է՝ խլելու այն, ինչն իր վերահսկողության տակ չէ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախազգուշացրեց՝ ՀԷՑ-ի պետականացումը կարող է խորացնել համակարգի խնդիրները և սրել երկրի տնտեսական իրավիճակը։ Ընդդիմադիր պատգամավորները հնարավոր են համարում նաև դատական գործընթացները Հայաստանի դեմ։

Իշխանության ներկայացուցիչները, սակայն, նախագծի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունեն։ «Քաղաքացիական պայմանագիր» Խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարել էր, որ նման համակարգերը չպետք է դուրս մնան պետական վերահսկողությունից։

ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտնել էր, երբ հունիսի 17-ին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մի հարցազրույցում իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակումներ է անում կաթողիկոսի՝ կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ։

Իրավապահները հայտարարությունից հետո խուզարկեցին Կարապետյանի երևանյան առանձնատունը, նրա բերման ենթարկեցին, ապա դատարանը նրան կալանավորեց երկու ամսով։