
Սահմանադրության փոփոխության մասին նիստ․ ե՞րբ և ի՞նչ կփոխվի Մայր օրենքում
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ Սահմանադրական բարեփոխումների առաջին նիստը կկայանա երկու շաբաթ անց։ Նիստի նպատակը Սահմնադրության մեջ առկա գաղափարական հիմնադրույթների մասին քննարկումն է։ Դրա ընթացքում ամբողջությամբ կմշակվի այն ու կհաստատվի։
Նախարար Գալյանը վերահաստատեց նաև, որ նոր Սահմանադրությունը կարող է պատրաստ լիել առաջիկա 10 ամիսների ընթացքում։ Նշենք, որ մայիսի 7-ի դրությամբ Սահմանադրության նոր տեքստի վրա աշխատողները ստացել են շուրջ 60 միլիոն դրամ աշխատավարձ։ Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նշեց, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։
Խաղաղության պայմանագրի շրջանակներում հաճախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե այն կկնքվի այն դեպքում, երբ Հայաստանը նոր Սահմանադրություն կընդունի, քանի որ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Մասնավորապես, Բաքվի մեկնաբանությամբ՝ Հայաստանի մայր օրենքում առկա հղումը՝ 1990 թվականին ընդունված Հռչակագիրը, Ադրբեջանից տարածքային պահանջներ է ենթադրում: Ալիևը նշել է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանի համար խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտն են։
Չնայած վերոնշյալին՝ Գալյանը շեշտել էր, որ գործող Սահմանադրությունը որևէ խոչընդոտ չի պարունակում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի իրականացման համար։ Նա նշեց, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխության հարցը բարձրաձայնվել է դեռևս հեղափոխությունից հետո։