
Խորհրդարանական նիստը վերածվեց քաշքշուկի․ շիշն ուղարկվեց ընդդիմադիրին, բայց դիպավ իշխող կուսակցության պատգամավորին
Ազգային ժողովում հուլիսի 8-ին իրավիճակը լարվեց այնքան, որ հայհոյախառն վիճաբանությունը վերածվեց ծեծկռտուքի։ Իրադարձությունների կենտրոնում հայտնվեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։ Ըստ դահլիճում արված տեսանյութերի՝ ծեծկռտուքի ժամանակ Արթուր Հովհաննիսյանը փորձեց հարվածել Ղազարյանին ջրով լի շշով, սակայն վրիպեց։ Շիշը դիպավ նույն խմբակցության իր գործընկեր Կարեն Համբարձումյանին։
Միջադեպը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընդդիմադիր Արթուր Սարգսյանը ելույթ ունեցավ Ազգային ժողովի ամբիոնից՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին։ Նա հայտնեց, որ չի ցանկանում մնալ Ազգային ժողովումև «թանկ ժամանակը ցանկանում է անցկացնել ընտանիքի հետ»։ Սարգսյանը մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանության յուրացման փորձերի համար։ Նիստում քննարկվում էր նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և կալանավորելուն ուղղված դատախազի միջնորդությունը։
Նրա խոսքից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ պատգամավորը, ըստ էության, հրաժարվում է հարցերին պատասխանել։ Դրանից հետո դահլիճում հնչեցին վիրավորանքներ, սկսվեց քաշքշուկ։
Նիստը ընդհատվեց։ Դահլիճ մտան պետական պահպանության ծառայության աշխատակիցները՝ իրավիճակը կայունացնելու նպատակով։Ազգային ժողովում հուլիսի 8-ին իրավիճակը լարվեց այնքան, որ հայհոյախառն վիճաբանությունը վերածվեց ծեծկռտուքի։
Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դեպքից հետո հայտարարեց, որ իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ «ՔՊ-ական Վահե Ղալումյանը վազեց Արթուր Սարգսյանի հետևից՝ հարձակվելու նպատակով»։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքները կապված են Բագրատ Սրբազան Գալստանյանի շուրջ ծավալված իրադարձությունների հետ։