Մեդիափորձագետները արձագանքել են ռուս հաքերների կիբերհարձակման մասին նորությանը
Այսօր համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ռուս հաքերները հարձակվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա։ «Կիբեր Գայլ» անունով հաքերային խումբը X-ի միկրոբլոգում գրել է, որ հասանելիություն է ստացել տվյալների բազայի վրա և վարակել UNIX համակարգը հատուկ «Լինուքս» վիրուսով։ Նրանք պահանջել են կառավարությունից 48 ժամվա ընթացքում 2,5 միլիոն դոլարի չափով փրկագին են վճարել՝ համակարգի ամբողջական ոչնչացումը կանխելու համար։
Այս թեմայով հայ մեդիափորձագետներն տարբեր հրապարակումներ են արել։ Արթուր Պապյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որտեղ նշել է, որ դա տվյալների բազայի իրական սերվերը չէ․
Վաղնջական ժամանակներից ի վեր Հայաստանի կառավարությունը, իր պաշտոնական կայքից բացի պահում է հրապարակային, բաց ftp սերվեր, որտեղ դնում է նյութեր՝ ֆոտո, վիդեո, աուդիո, որպեսզի լրատվամիջոցները վերցնեն, օգտագործեն իրենց նյութերում։ Այսօր ինչ-որ «Կիբեռ Գայլ» անունով ներկայացող հաքեր կամ հաքրային խումբ, երևի պատահաբար հայտնաբերել է այդ բաց ftp սերվերը, ու դրանից սքրինշոթեր է հրապարակել։ Հետն էլ փրկագին են պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի չափով, քիչ առաջ էլ նայեցի՝ գինը կտրուկ իջեցրել էին, արդեն 30 հազար են ուզում։ Երևի հասկացել են, որ իրենց արածը լուրջ չէ։
ՀՀ կառավարությունը դեռ չի հաստատել այդ տեղեկատվությունը։ Նշվում է, որ համապատասխան մարմինները զբաղվում են տեղեկատվության իսկությունը ճշտելու գործով։