ՀայաստանՔաղաքականություն

Նոր մանրամասներ են հայտնի Փաշինյան-Ալիև հանդիպումից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան–Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորմանն առնչվող տարբեր հարցեր։ Հանդիպումը, որը տևել է ավելի քան 5 ժամ, անցկացվել է տարբեր ձևաչափերով՝ ընդլայնված կազմով, առանձնազրույցով և կրկին պատվիրակությունների մասնակցությամբ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ կողմերը վերահաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են։ Այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը։

Փաշինյանն ու Ալիևը նշել են սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը և հանձնարարել պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վստահության ամրապնդման հնարավոր քայլերը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հանդիպումը եղել է կառուցողական, և ըստ նախագահի մամուլի ծառայության՝ քննարկվել են խաղաղության օրակարգի առանցքային հարցերը՝ ներառյալ խաղաղության պայմանագրի նախաստորագրման, սահմանազատման և այլ թեմաներ։ Ադրբեջանի կողմի հաղորդմամբ՝ քննարկում է եղել նաև «Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման» վերաբերյալ, սակայն հայկական կողմից այս հարցի վերաբերյալ պաշտոնական արձագանք դեռևս չկա։

Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները ինչպես աշխատանքային խմբերի, այնպես էլ քաղաքական բարձր մակարդակով։

Հիշեցնենք՝ բանակցությունները նախապես էին քննարկվել միջազգային մի շարք հարթակներում։ Սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր, որն անցկացվեց ԱՄԷ տարածքում։