
Պայքարը նախկինների ու ներկաների միջև շարունակվում է․ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան է ներկայացրել երկրորդ հայցը ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պահանջելով հրապարակային ներողություն և իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունների հերքում հրապարակել։ Տեղեկությունը իմանում ենք datalex կայքից։
Հայցը վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ իր տելեգրամյան ալիքում հրապարակած այն գրառմանը, որը, ըստ Քոչարյանի, պարունակել է կեղծ և անհիմն տեղեկություններ։ Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը ներողություն խնդրի և հերքման տեքստը հրապարակվի ինչպես իր Telegram ալիքում, այնպես էլ Facebook-ի էջում։
Հայցվորը պահանջում է ներողության հետևյալ տեքստը.
Նախկինում իմ կողմից ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել արատավորելու Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար զղջում եմ և ցանկանում եմ Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրել։
Հիշեցնենք, որ դեռ հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Քոչարյանը դատի էր տվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված վիրավորական և զրպարտիչ հայտարարությունները, ինչպես նաև փոխհատուցել ոչ նյութական վնասը․ Փաշինյանից՝ 6 մլն դրամ, Սիմոնյանից՝ 9 մլն դրամ։
Փաշինյանի դեմ ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել նրա՝ հունիսի 5-ին կառավարության նիստի ընթացքում արված և ՀՀ վարչապետի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված հետևյալ հայտարարությունը. «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, Ռոբերտ Քոչարյանի անունը հնչի, ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան ալիքում հեգնանքով արձագանքել էր՝ հարց բարձրացնելով, թե ինչու Քոչարյանը դատի չի տվել իր այն արտահայտությունների համար, որոնցում նրան անվանել է անգրագետ և լրտեսի կարգավիճակ ունեցող։