
Արցախցիները նստացույց են սկսում Ազատության հրապարակում․ ի՞նչ պահանջ ունեն
Երևանի Ազատության հրապարակը դարձյալ համախմբման վայր է դարձել Արցախի բռնի տեղահանված քաղաքացիների համար։ Հուլիսի 12-ին անցկացված հանրահավաքից հետո, երբ ոստիկանությունը արգելեց երթ իրականացնել և սպառնաց ուժի կիրառմամբ, արցախցիները որոշեցին անցնել անժամկետ նստացույցի։
Այս մասին հրապարակում հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը՝ շեշտելով, որ քայլը բացառում է բախումներ և ուղղված է բացառապես խաղաղ պայքարին։ Նախապես նախատեսված էր, որ հանրահավաքի ավարտից հետո մասնակիցները քայլերթով կշարժվեն դեպի Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի շարունակման նպատակով։ Սակայն այդ մտադրությունն անակնկալ խոչընդոտվեց։
Ոստիկանները հայտարարեցին, որ թույլ չեն տալու շարժվել, առավել ևս՝ վրաններ տեղադրել։ Ավելին՝ նախազգուշացրին, որ ուժ կկիրառեն։ Մենք որոշեցինք բախումներից խուսափել և մնալ հրապարակում՝ նստացույցով շարունակելով բողոքը, — հայտարարեց Մկրտչյանը։
Ըստ նրա՝ սա նրանց իրավունքի խաղաղ իրացման միակ հնարավոր տարբերակն է այս պահին։ Հուլիսի 12-ի հանրահավաքի ընթացքում հնչեցին մի շարք հարցադրումներ՝
— ինչու է ձգձգվում բնակարանային հարցերի լուծումը,
— ինչ է արվում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ,
— ինչպես է պաշտպանվում Արցախի պատմամշակութային ժառանգությունը։
Ըստ ներկաների՝ այս և մի շարք այլ խնդիրների լուծման համար ոչ միայն իրական քաղաքական կամք է անհրաժեշտ, այլ՝ կոնկրետ գործողություններ։