
Վճռի մի կողմում կառավարությունն է, մյուսում՝ գործարարը. ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ի շուրջ
Հայաստանի կառավարության ու Սամվել Կարապետյանի ընտանիքի միջև ծավալվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) պետականացման հարցը մտնում է նոր փուլ։ Կառավարությունը արձագանքել է Ստոկհոլմում կայացված միջազգային արբիտրաժային դատարանի որոշմանը, սակայն հստակ չի ասում՝ կատարելու է այն, թե ոչ։
Արբիտրաժային վճիռը վերաբերում էր կառավարության՝ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշմանը։ Կարապետյանի ներկայացուցիչները հայտարարում են՝ այս փուլում հաղթանակը իրենցն է։ Դատարանը, ըստ նրանց, բավարարել է իրենց դիմումը՝ հետ կանգնեցնելով ընկերության պետականացման գործընթացում կիրառվող որոշ միջոցներ։
ՀՀ կառավարությունն իր հայտարարության մեջ պնդում է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումն ուղղված է հանրային և էներգետիկ անվտանգության ապահովմանը, ոչ թե պարզապես սեփականատիրոջ իրավունքների սահմանափակմանը։ Ըստ գործադիրի՝ այդ որոշումը նպատակ ունի կանխել էներգետիկ ճգնաժամի ռիսկերը, վերացնել հնարավոր չարաշահումները և պահպանել պետական անվտանգությունը։
Սակայն կառավարությունը չի հստակեցնում՝ կկատարի՞ արդյոք միջազգային դատարանի որոշումը։ Փոխարենը նշում է, որ՝ «հարգելով արբիտրաժների որոշումները», անհրաժեշտ է առաջնորդվել նաև Հայաստանի օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով։
ՀԷՑ-ի շուրջ վեճը թեժացավ այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկել է ժամանակը ընկերությունն ազգայնացնելու։ Դա հնչեց հունիսի 18-ին՝ Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ։ Շաբաթներ անց՝ հուլիսի 3-ին, ԱԺ-ն ընդունեց այն օրինագծերի փաթեթը, որով ՀԷՑ-ի պետականացումը օրինական հիմք ստացավ։ Հուլիսի 18-ին էլ հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ն ընկերությունում ժամանակավոր կառավարիչ է նշանակել Ռոմանոս Պետրոսյանին՝ նախկինում հայտնի որպես պետական վերահսկողության ծառայության ղեկավար։