ՀայաստանՔաղաքականություն

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքական հետապնդում է համարում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առաջին անգամ հրապարակայնորեն անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորմանը։ Չնայած այն հանգամանքին, որ, ինչպես ինքն է ասում, իր և սրբազանի «ջրերը մի առվով չեն գնացել», քաղաքապետը բաց տեքստով հայտարարեց՝ սա քաղաքական հետապնդում է։

65 տարեկան մարդ եմ, առաջին անգամ եմ տեսնում, որ եպիսկոպոս կալանավորվի։ Մեկ էլ 1937-ին է եղել, էն ժամանակվա պատմությունից գիտենք։ Էդ ժամանակ էլ սրբազանը մերժել էր մորուքը թրաշել՝ ասելով՝ մորուքիս ամեն մի մազ ձեզ պես 10 աշխատող արժե։ Աքսորել էին», – հայտարարեց Ղուկասյանը՝ ասուլիսի ժամանակ ամփոփելով քաղաքապետ ընտրվելուց հետո անցած 100 օրը։

Վարդան Ղուկասյանն ակնարկում է, որ սրբազանի դեմ գործողություններն ավելի շատ քաղաքական են, քան իրավական։

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց հունիսի 28-ին, մեկ օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակ։ Մինչ այդ՝ հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը կալանավորվել էր նաև «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին բացահայտ և կոշտ դիրքորոշում է հայտնել Հայ առաքելական եկեղեցու և մասնավորապես Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ։ Կառավարության նիստում նա խոսել էր «չուլանացված, աղբով լի» եկեղեցիների մասին։ Փաշինյանը հունիսի 2-ին հայտարարեց՝ եթե ապացուցվի, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ապա չի կարող մնալ իր պաշտոնում։

Իրավիճակը սկսեց սրվել այն պահից, երբ եկեղեցական շրջանակները սկսեցին հրապարակային քննադատել իշխանություններին։ Հասարակական դժգոհությունը հասավ գագաթնակետին՝ հոգևորականների կալանավորումներից հետո։