ՀայաստանՔաղաքականություն

Փաշինյանը, Թրամփը և Ալիևը հանդիպելու են Վաշինգտոնում․ հնարավոր է՝ քննարկվի խաղաղության համաձայնագիրը

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին։

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ հնարավոր է քննարկվի և նույնիսկ հայտարարվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը կունենա երկկողմ հանդիպում Դոնալդ Թրամփի հետ՝ միտված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը։

Եռակողմ ձևաչափով հանդիպման նպատակն է քննարկել խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության հնարավորությունները Հարավային Կովկասում։ Հիշեցնենք, որ 2024թ. հոկտեմբերին նախագահ Թրամփը հայտարարել էր, որ կաշխատի կանխելու «բռնությունը և էթնիկ զտումները» Հարավային Կովկասում՝ արձագանքելով Արցախից տեղահանված հայ բնակչության իրավիճակին։

Սեդա Մարտոյան