
99 տարվա վերահսկողություն. ինչպիսի՞ն կլինի տարածաշրջանային երկրների արձագանքը
Երեկ՝ Օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ ստորագրվեց տարածաշրջանային ազդեցության նոր էջ բացող համաձայնագիր, որի կենտրոնում է հարավկովկասյան «TRIPP» ճանապարհի շուրջ ԱՄՆ-ին տրվող 99 տարվա վարձակալությունն ու վերահսկողությունը։
Այս փաստը կարևոր հռետորական և քաղաքական ազդակ է տարածաշրջանում՝ միանշանակ ազդելով Ռուսաստանի և Իրանի հետաքրքրությունների վրա։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Նորայր Դունամալյանի հետ, ով ներկայացնում է համաձայնագրի տարածաշրջանային ազդեցությունն ու նշանակությունը։ Ըստ քաղաքագետի՝ այս պայմանագիրը համարժեք է տարածաշրջանում ուժային փոփոխության, քանի որ այն զգալիորեն սահմանափակում է Ռուսաստանի միջնորդական դերը։
Պայմանագրի ստորագրումը հենց Վաշինգտոնում ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ավելի գերիշխող դեր է զբաղեցնում Հարավային Կովկասում, ինչը ստիպելու է Մոսկվայի արձագանքը դիտարկել այս համատեքստում, բայց հնարավոր է այն բուռն չի լինի, քանի որ այժմ Ռուսաստանի առաջնահերթությունը ուկրաինական ճակատն է։ Ռուսաստանի դիրքորոշումը մեծապես կախված է օգոստոսի 15-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կայանալիք հանդիպումից, սակայն ներկայիս իրադրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը ունի սահմանափակ ռեսուրսներ՝ հատկապես Ուկրաինայի հետ պատերազմի հետևանքով, և այդ պատճառով բավական զգույշ է քաղաքական քայլերում Հարավային Կովկասում։
Հարցին՝ արդյոք սա նշանակում է ԱՄՆ-ի փորձ՝ փոխարինելու Ռուսաստանի միջնորդական դերը տարածաշրջանում, քաղաքագետը պատասխանեց.
ԱՄՆ-ն ուղղակի չի ցանկանում փոխարինել Ռուսաստանի դերը, այլ Ռուսաստանն է իր դիրքերը թուլացնում։ Սա նաև շոշափելի պիառ քայլ է՝ հատկապես Թրամփի կողմից։ Կարևոր է հասկանալ, թե ինչ ձևով կիրականացվի այդ 99 տարվա վարձակալությունը և վերահսկողությունը։ Ռազմավարական տեսանկյունից Թրամփի այս առաջարկը ուղղված է Իրանի դեմ։
Ինչ վերաբերում է ԵՄ-ի, Չինաստանի և այլ ուժային կենտրոնների արձագանքին, քաղաքագետը նշում է, որ այս փուլում ամենաշատը կարևոր է, թե ինչպես են արձագանքելու Ռուսաստանը, Իրանը և տարածաշրջանային մյուս երկրները։
Թուրքիան ուղիղ ներգրավվածություն կունենա գործընթացում։ Ադրբեջանն էլ շահավետ դիրքում է, քանի որ այս պայմանագրից առանց զիջումների առաջընթաց է ստանում։ Այս գործոնների համատեղ ազդեցությունը նոր ուժային հարաբերություններ կբերի տարածաշրջանում,- նշում է քաղաքագետը։