
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպումը, որն ավարտվեց յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագրի ստորագրումով, այսօր՝ օգոստոսի 11-ին, Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցի գլխավոր թեման էր։
Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման սկզբունքները՝ պահպանելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և փոխադարձության պայմանները։ Անդրադարձ է կատարվել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին։
Վարչապետը ընդգծել է, որ խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ ողջ տարածաշրջանի համար։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ զրույցը նախաձեռնվել է հայկական կողմի կողմից։ Պուտինը կարևորել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության ապահովման քայլերը և հայտնել պատրաստակամությունը աջակցել 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Հստակորեն ընդգծվում է աջակցությունը 2020-2022 թթ. եռակողմ համաձայնություններին, որտեղ Ռուսաստանի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի դերը հստակ սահմանված է։ Այս իրողությունը փաստում է, որ Մոսկվան մնում է տարածաշրջանային գլխավոր խաղացողը և չի ցանկանում իր ազդեցության մենաշնորհը հանձնել կամ թուլացնել։
Ռուս նախագահը նաև տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ բանակցությունների արդյունքների և Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում սպասվող հանդիպման նախապատրաստության մասին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության որոշ արդիական հարցերի, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին։