
Ոստիկանության պետի նախկին տեղակալը մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ է ստացել
Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը կրկին ներգրավվել է որպես մեղադրյալ «Մարտի 1»-ի» քրեական գործով։ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը, որով Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր վաղեմության ժամկետների հիմքով։
Ըստ դատախազության՝ որոշման վերանայման հիմք են հանդիսացել քրեական վարույթով երկու տուժողների բողոքները։ Նրանք հայտնել են, որ չեն ստացել Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և դրա մասին իմացել են միայն վերջերս՝ համացանցում հրապարակված նյութերից։
Աֆյանին 2019 թվականի հոկտեմբերի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու համար։ Քրեական գործի նյութերով՝ նա 2008 թվականի մարտի 1-ին, հանցակցելով այլ անձանց, կազմակերպել է Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարների բռնի ցրում և հետագա հավաքների կանխում՝ էական վնաս պատճառելով հասարակությանը և պետության օրինական շահերին։
Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում ընդդիմությունը՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բողոքի ցույցեր էր անցկացնում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնք մարտի 1-ին վերաճեցին զանգվածային անկարգությունների։ Դրանց հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվեց։ Մինչ այժմ մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված չէ։