ՀայաստանՔաղաքականություն

Զանգեզուրի միջանցքը փոխարինվել է տարանցիկ ճանապարհով

Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի հարցը հանվել է օրակարգից Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի արդյունքում։ Այս մասին, ըստ իրանական Mehr գործակալության, հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթիմա Մոհաջերանին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում «Զանգեզուրի միջանցք» կոչված ծրագրի չեղարկումն ու Հայաստանի ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհի բացումը «դրական և ողջամիտ փոփոխություն» են։

Նա նաև ընդգծել է Թեհրանի երեք անսասան սկզբունքները՝ երկրների ինքնիշխանության պահպանում, տարածքային ամբողջականության պաշտպանություն և միջազգային սահմանների ցանկացած փոփոխության վճռական հակազդեցություն։

Մոհաջերանին կրկին զգուշացրել է արտաքին ուժերին չմիջամտել տարածաշրջանի գործերին՝ շեշտելով, որ նման քայլերը կարող են երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել։ Այն, ըստ փաստաթղթի, կոչվելու է «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան։ Ճանապարհը ԱՄՆ-ի կողմից վարձակալվելու է 99 տարով՝ երկարաձգման հնարավորությամբ։

Նշենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հրավիրվել է այցով Իրան։