ՀայաստանՔաղաքականություն

Սեպտեմբերի 1-ին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ որոշում

ԵԱՀԿ երկրները սեպտեմբերի 1-ին պետք է որոշում կայացնեն Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների պաշտոնական լուծարման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած հանդիպման արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում։

Դեռևս օգոստոսի 11-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմում։ Այն շրջանառվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների շրջանում՝ առաջարկվող որոշման նախագծով։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ այս քայլը բխում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրից, որի երկրորդ կետում ամրագրված է Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մինսկի խումբը երկար տարիներ հանդիսացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական միջնորդը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ։ Վերջին տարիներին խմբի գործունեությունը փաստացի նվազեցված է եղել, իսկ 2020 թվականի պատերազմից հետո այն գրեթե դուրս է եկել ակտիվ միջնորդական գործընթացից։

Բայրամովը նաև որոշ մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրից։ Նա նշել է, որ Հայաստանը սկզբում դեմ է եղել դատարաններից հայցերի հետկանչի և սահմանին երրորդ ուժեր չտեղակայելու կետերին, որոնք արդեն հարթվել են՝ Վաշինգտոնում պայմանագրի նախաստորագրումից հետո։ Բոլոր տեղերում Ադրբեջանի տարբեր ոլորտի առաջնորդները առաջ են քաշում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, որը, կարծես թե, բավարարվում է։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Սահմանադրության նոր տեքստ է մշակվում, որտեղ հարց է՝ կլինի Անկախության հռչակագիրը, թե ոչ։

Վերջերս էլ լրագրողների հետ հարցազրույցում Փաշինյանն էր հայտարարել, որ «ինչպես Ադրբեջանի վերահսկողության տակ կան Հայաստանի ինքնիշխան տարածքներ, այնպես էլ կան Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ»։