ՀայաստանՔաղաքականություն

Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին, «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը օգոստոսի 29-ի ասուլիսում ներկայացրեց նորաստեղծ «Մեր ձևով» կամավորական շարժումը։ Կարապետյանի խոսքով՝ շարժումը ապաքաղաքական կամավոր միավորում է, որի նպատակն է տարբեր մասնագիտությունների ու հայացքների տեր մարդկանց համախմբումը հանրօգուտ նախաձեռնությունների շուրջ։

Շարժման համակարգողը նաև անդրադարձավ երկրի հասարակական-քաղաքական իրավիճակին՝ նշելով, որ հասարակության սպասելիքները չեն բավարարվում, իսկ իշխանության և ընդդիմության միջև ատելության մթնոլորտը խոչընդոտում է սթափ գնահատականներին։

Շարժումը գործելու է հինգ ուղղություններով՝ տնտեսական (Աշոտ Ֆարսյանի գլխավորությամբ), ժողովրդագրական (Արեգա Հովսեփյան), արտաքին քաղաքականություն (Արթուր Դանիելյան), կրթական (Գոհար Գումաշյան) և Հայ առաքելական եկեղեցու ու ազգային արժեքների պահպանման (Ալեքսան Ալեքսանյան)։

Նա ընդգծեց, որ նախաձեռնությունը շարժման առաջին փուլն է, իսկ երկրորդում նախատեսվում է կուսակցություն հիմնել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 13-ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ասել էր, որ առաջիկայում կներկայացվի «Մեր ձևով» շարժումը։