ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պակիստանի հետ․ վերջինս մինչ այդ չէր ճանաչում Հայաստանի անկախությունը

Հայաստանի և Պակիստանի միջև պաշտոնապես հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Համատեղ կոմյունիկեն ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարը՝ Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում։

Փաստաթղթով երկու պետությունները պարտավորվում են զարգացնել հարաբերություններ՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա, ներառյալ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքը, միմյանց ներքին գործերին չմիջամտելը, հավասարությունն ու խաղաղ գոյակցությունը։

Կոմյունիկեի ստորագրմամբ Պակիստանը փաստացի ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը․ մինչ այս երկիրը հրաժարվում էր դա անել՝ Ադրբեջանի հետ սերտ դաշնակցային հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հարցում որդեգրած դիրքորոշման պատճառով։ 2016 թվականի վերջին հայ-պակիստանյան հարաբերությունները էլ ավելի վատացան, և Հայաստանը վետո դրեց Պակիստանի՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտի վրա։

2019 թվականին WION-ի հետ հարցազրույցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց , որ Հայաստանը աջակցում է Հնդկաստանին՝ Հնդկաստան և Պակիստան հակամարտության հարցում։

2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի Արցախի հայաթափման ժամանակ էլ Պակիստանն էր իր աջակցությունը հայտնել Ադրբեջանին։

Երկու կառավարություններն արդեն համաձայնել են փոխանակվել ներկայացուցչություններով և գործնական քայլեր ձեռնարկել դիվանագիտական հարաբերությունների լիարժեք հաստատման համար։ Սա նշանակում է, որ երկու երկրներում շուտով դեսպանություններ կբացվեն։