
Հայաստանի անդամակցության հարցը ՇՀԿ-ում վերածվել է աշխարհաքաղաքական հակասությունների
Հայաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել լուրերը, թե Պակիստանը խոչընդոտել է մեր երկրի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)։ Սակայն նախարարությունից վստահեցնում են՝ գործընթացում տեսնում են բավականին կառուցողական մթնոլորտ և շարունակելու են աշխատանքները կազմակերպության անդամ երկրների հետ։
Մամուլում հատկապես շրջանառվում է Պակիստանի խոչընդոտելը համագործակցությանը, այնինչ՝ Բելառուսը ևս խոչընդոտել է Հայաստանի միանալու առաջարկը։ Ինչպես հաղորդում է APA-ն Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության դիմումի արգելափակման։ ՇՀԿ-ին միանալու ցանկություն էր հայտնել նաև Ադրբեջանը դեռևս 2018 թվականի ապրիլից։
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի առաջարկն էլ մերժել է Հնդկաստանը։ Իրավիճակին ծանոթ պաշտոնյաների խոսքով՝ Հնդկաստանի որոշումը հակասում է բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին և «Շանհայի ոգուն», որոնք արգելում են երկկողմ վեճերը տեղափոխել բազմակողմ հարթակներ։ Այս աղբյուրները նշել են, որ Հնդկաստանի դիրքորոշումը սերտորեն կապված է Ադրբեջանի և Պակիստանի եղբայրական կապերի հետ։
Աշխարհագրական շրջանակի և բնակչության առումով այն աշխարհի ամենամեծ տարածաշրջանային կազմակերպությունն է, որն ընդգրկում է Եվրասիայի տարածքի մոտավորապես 60%-ը, աշխարհի բնակչության 40%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 30%-ը։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանը նախորդ տարի հռչակագիր էր ստորագրել Չինաստանի հետ։ Փաստաթղթում նշվել էր, որ «կողմերը դեմ են մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով ցանկացած պետության ներքին գործերի միջամտությանը, աջակցում են մարդու իրավունքների պաշտպանությանը՝ անվտանգության ապահովման, զարգացման, համագործակցության եւ երկխոսության միջոցով մարդու իրավունքների խթանման միջոցով և համատեղ կնպաստեն մարդու իրավունքների ոլորտում ավելի հավասար, արդար, վեհ եւ հանդուրժող գլոբալ մեխանիզմների մշակմանը»։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ճան Մինի 2024 թվականին հայտարարել էր, որ Չինաստանը հույս ունի՝ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) շրջանակներում համագործակցությանը։ Հայաստանը ՇՀԿ գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին հուշագիրը ստորագրել է 2016 թվականի ապրիլի 16-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գտնվող կենտրոնակայանում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև պաշտոնապես հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Համատեղ կոմյունիկեն ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարը՝ Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում։ Նշենք նաև, որ Պակիստանը Հայաստանի անկախությունը մինչ այս չէր ճանաչում։ Կարող ենք ասել, որ սեպտեմբերի 1-ին կնքված կոմյունիկեն անկախության ճանաչման մասին էր։