ԱրցախՔաղաքականություն

Իրատեսակա՞ն է արցախահայերի վերադարձը հայրենիք

Արցախի Հանրապետության հռչակման 34-ամյակի օրը Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Վերադարձ» խորագրով միասնության հավաք։ Հենց այդտեղ էլ հրապարակվեց Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը, որը ներկայացրեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Հայտարարության մեջ Արցախը հստակ պահանջ է ներկայացվում․

Հայտարարությունում նաև հիշեցվում է՝ ինչպես է Արցախը հռչակել անկախությունը, ինչ ճանապարհ է անցել և ինչպես վերջնականապես հայաթափվեց։ Միևնույն ժամանակ քննադատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Սակայն, արցախցիների վերադարձը հայրենի բնօրրան իրատեսական չի թվում այս պահին։ Վերադարձի խնդիրները շատ են։

Ամենամեծը այն է, որ անվտանգություն ապահովել հնարավոր չի լինի։ Ադրբեջանցիները 44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր մակարդակներով հայտարարում էր, որ հայերի իրավունքները պաշտպանված կլինեն Արցախում։ Սակայն, ցավալիորեն, տեղի ունեցավ բռնի տեղահանություն։ Բազմիցս նշել ենք, որ ադրբեջանցիները վնասում են Արցախի եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները, մայրաքաղաք Ստեփանակերտում իշխանությունը հողին հավասարեցրեց Ազգային ժողովի շենքը և այլն։

Հիշենք, որ դեռ 2023 թվականին Բաքուն միջազգային ատյաններում հայտարարում էր, որ ստեղծել են արցախահայերի «վերաինտեգրման ծրագիրը»։ Նշվում էր, որ այսպես կոչված «վերաինտեգրումը» պետք է տեղի ունենար Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում՝ երկրի Սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների հիման վրա: Հայաբնակ շրջաններում կառավարումն իրականացվելու էր։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչների միջոցով։ Քաղաքացիության, ինչպես նաև գույքային հարցերը պետք է լուծվեն Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն։ Զինաթափման և զորացրման գործընթացը պետք է ավարտվի, և բնակիչներից առգրավվի ամբողջ զենքը։ Լիարժեք շրջանառության մեջ է մտնելու ադրբեջանական ազգային արժույթը:

Հետաքրքիր է, որ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը դեռևս 2024 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ «իհարկե, ցանկացած արցախցու երազանքը, ցանկությունը միանշանակ է՝ վերադառնալ Արցախ, բայց կա այդտեղ մի գլխավոր պայման, որ երբևէ դա չի կարող լինել ադրբեջանցու ներկայությամբ, նույնիսկ հարևանությամբ՝ մոտ հարևանությամբ»։