ՀայաստանՔաղաքականություն

Սամվել Կարապետյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով

Գործարար և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը նշել է, որ սա զրկում է պաշտպաններին իրենց հիմնավորումները հրապարակավ ներկայացնելու հնարավորությունից, թեպետ օրենսգիրքը թույլ է տալիս գրավոր ընթացակարգով քննություն։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն արդեն շուրջ 80 օր է կալանավորված։ Նրա պաշտպանը հանրությանը հիշեցրել է հունիսի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը՝ «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ…», որը, ըստ Վարդևանյանի, անմիջապես հաջորդած օրերին հանգեցրել է գործարարի կալանավորմանը։

Վարդևանյանը պնդում է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում․ ըստ նրա՝ հանրությանը հայտնի «մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» արտահայտությունը չէր կարող հիմք հանդիսանալ քրեական վարույթի կամ կալանքի համար։ Սամվել Կարապետյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն՝ նշելով, որ մի փոքրիկ խմբակ հարձակվում է հայ ժողովրդի ու եկեղեցու վրա։ Հաջորդ օրը գործարարը կալանավորվեց երկու ամսով։

Հուլիսի 4-ին նա մեկուսարանից տեղեկացրեց, որ նոր քաղաքական ուժ է ձևավորում, իսկ հուլիսի 17-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացման և հարկերից խուսափելու հատկանիշներով։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը երկարացրեց կալանքի ժամկետը ևս երկու ամսով։

Սամվել Կարապետյանի շուրջ զարգացումները շարունակում են քննարկվել ոչ միայն իրավական, այլև քաղաքական շրջանակներում, իսկ սեպտեմբերի 8-ը նշանավորվելու է նոր փուլով՝ վերաքննիչ բողոքի հրապարակմամբ։