ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները կհանդիպեն՝ սահմանների բացումը քննարկելու համար

Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ առաջին հանդիպումը կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի շահագործման հարցով։ Թուրքական NTV-ի տեղեկացմամբ՝ Հայաստան կժամանի թուրքական պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ։ Հայկական կողմից բանակցություններին կմասնակցի Ռուբեն Ռուբինյանը։ Տեղեկությունը հաստատել են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Բանակցություններում կարող են որոշումներ ընդունվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, պաշտոնյաները կարող են քննարկել նաև նախկինում ընդունված որոշումների իրականացումը, որոնք մինչ այժմ թղթի վրա են մնացել։

Նախորդ բանակցությունների ընթացքում հայկական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին վերսկսել բեռնափոխադրումները, սահմանի բացման համար նախապատրաստել ենթակառուցվածքները, դյուրացնել վիզային ընթացակարգերը դիվանագիտական անձնագրերով անձանց համար և թույլ տալ երրորդ երկրների քաղաքացիներին հատել սահմանը։ Սակայն այդ պայմանավորվածությունների մեծ մասը մինչ օրս մնացել է թղթի վրա։

Բացի այդ՝ նոր զարգացող հարաբերությունների ֆոնին Թուրքիայի «Լավ կուսակցության» նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն և նույն կուսակցության 28 պատգամավորներ Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահությանը ներկայացրել են օրինագիծ՝ Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Ալիջան սահմանային դարպասը «Թալեաթ փաշա սահմանային դարպաս» վերանվանելու վերաբերյալ։ Իսկ թե ինչ կլինի սահմանի վերաբացման արդյունքում, ինչ անվանափոխություններ ու պահանջներ կլինեն թուրքական կողմից, դեռևս անհայտ է։

Հարկ է նշել նաև, որ դեռևս 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունն ավարտել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի Մարգարա-Ալիջան անցակետի հայաստանյան հատվածի վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները։

Ավելի վաղ քննարկումներ էին ընթացել Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացման շուրջ, որը չի գործում 1993 թվականից։ Գործարկման հնարավորությունն առաջին անգամ դիտարկվել է 2008 թվականին ՝ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջին փորձի ժամանակ։ 2010 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությունը հայտարարեց, որ ընկերությունը սկսում է մշակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային նախագիծը։ Հարցը կրկին ասպարեզ եկավ արդեն 44-օրյա պատերազմից հետո՝ գլոբալ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ֆոնին։ Նոր քննարկումներ եղել էին 2024 թվականի նոյեմբերին։