ՀայաստանՔաղաքականություն

Մոսկվայի համար առանց Արևմուտքի մասնակցության որոշումներ ընդունելու հնարավորություն․ «3+3»-ը կարող է Երևանում կայանալ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս հստակ տեղեկություն չունի, թե երբ և որտեղ է նախատեսվում «3+3» ձևաչափով նախարարական հաջորդ հանդիպումը։ Այս ձևաչափը ներառում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությունը։ Թբիլիսին, ճիշտ է, առայժմ հրաժարվում է մասնակցել, սակայն մյուս երկրները բազմիցս նշել են, որ Վրաստանի համար դուռը շարունակում է բաց մնալ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից լրատվամիջոցներից մեկի հարցմանը պատասխանել են, որ Հայաստանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու հանդիպումը։ Նման պատրաստակամություն ցուցաբերել է նաև Ադրբեջանը։ Սակայն ժամկետներն ու վայրը դեռ պետք է որոշվեն կողմերի միջև խորհրդակցություններից հետո։

Ավելի վաղ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նշել էր, որ հանդիպումը հնարավոր է կայանա Երևանում կամ Բաքվում։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Երևանում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ, ասել էր, որ քննարկվում է հաջորդ երկու հանդիպումները անցկացնել երկու մայրաքաղաքներում՝ նախ Բաքվում, հետո Երևանում։

Հիշեցնենք, որ վերջին անգամ «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի ունեցավ 2024 թվականի հոկտեմբերին՝ Ստամբուլում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մինչ այս տեղի ունեցած 3 հանդիպումներին չի մասնակցել Վրաստանը, չնայած որ շարունակում է մնալ այդ ձևաչափում։ Հայաստանի ԱԳՆ-ն դեռևս այս տարվա մայիսին էլ էր հայտարարել, որ Երևանը պատրաստ է ընդունել նախարարներին։

Թեհրանն ու Մոսկվան դրական են տրամադրված նախաձեռնությանը։ Մոսկվայի համար սա առանց Արևմուտքի մասնակցության Հարավային Կովկասում որոշումներ ընդունելու հնարավորություն է։ Թուրքիան այդ կերպ ամրապնդում է իր դիրքերը։ Իսկ Իրանը փորձում է հետ չընկնել։