ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը Պակիստանի օրակարգում․ ինչո՞ւ է Իսլամաբադը պատրաստ ճանաչել Երևանը

Պակիստանը նախատեսում է պաշտոնապես ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն։ Այս մասին տեղեկացնում են դիվանագիտական շրջանակները։ Ըստ աղբյուրների՝ քայլը կապված է նաև Պակիստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մտադրությունների հետ։ Հայաստանի ճանաչումը կարող է դառնալ համաձայնության ճանապարհ հարթող գործոն։

Դիվանագետների խոսքերով՝ գործընթացը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Աղբյուրներից մեկը նշել է, որ սա կանխատեսելի հեռանկար է, և արդեն որևէ լուրջ խոչընդոտ չի մնացել։ Կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ճանապարհ է հարթել Պակիստանի համար․ այսուհետ պաշտոնական Իսլամաբադը չի տեսնում քաղաքական խոչընդոտներ Երևանի հետ հարաբերությունների հաստատման հարցում։

Նշենք, որ օրեր առաջ Չինաստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր Պակիստանի փոխվարչապետի և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ։ Կողմերը ստորագրել էին համատեղ փաստաթուղթ՝ Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ողջունել է Հայաստանի և Պակիստանի միջև շփումների վերսկսումը՝ այն որակելով «քայլ առաջ»։ Այսպիսով, Հայաստանի և Պակիստանի միջև երկար տարիներ շարունակվող դիվանագիտական լռությունը կարծես ավարտվում է։ Առաջիկա ամիսներին կարելի է սպասել պատմական զարգացումների։