
Դատարանը մերժեց «Սրբազան պայքարի» գործով դատավորի բացարկը
«Սրբազան պայքարի» գործով անցնող գրեթե բոլոր մեղադրյալների պաշտպանները բացարկ ներկայացրին նիստը նախագահող առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Հիմքում այն է, որ առանց պաշտպանների ներկայության քննարկվել ու երկարացվել են մեղադրյալների խափանման միջոցները այն դեպքում, երբ որոշների ժամկետն անգամ չէր ավարտվել։
Փաստաբանները մատնանշում են, որ առանց իրենց ներկայության քննվել ու երկարացվել են կալանքի ժամկետները։ Եթե մարդու ազատությունը սահմանափակող որոշում է կայացվում, ապա արդյո՞ք դատարանը պարտավոր չէ անել ամեն բան՝ ապահովելու պաշտպանների ներկայությունը։ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ նշում է, որ անձը պետք է ունենա պաշտպան։ Իսկ եթե պաշտպանը բացակայում է նույնիսկ պատշաճ ծանուցված լինելու դեպքում, պետությունը պարտավոր է ապահովել մեկ այլ պաշտպանով։
Դատախազները պնդում են, որ պաշտպանները պատշաճ ծանուցված են եղել, ուստի դատարանը որևէ խախտում չի կատարել։ Բայց այստեղ էլ առաջանում է տրամաբանական հակասություն․ եթե պաշտպանները բացակայում են և չի ապահովվում փոխարինող պաշտպան, ապա ո՞ւր է մնում պաշտպանով ապահովելու կառուցակարգը։
Դատարանը մերժեց բացարկը՝ շեշտելով, որ պաշտպանական կողմի դատողությունները «սուբյեկտիվ են»։ Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի ժամանակ նույն խնդիրը կրկնվում է․ դատարանները, պաշտպանների բոյկոտի կամ բացակայության պայմաններում, շարունակում են ընթացքը և բավարարում մեղադրող կողմի միջնորդությունները։
Նիստն ավարտվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ին, այնուհետև դրան հետևող յուրաքանչյուր հինգշաբթի: