ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանն ու Թուրքիան վերականգնում են երկկողմ համագործակցությունը. ի՞նչ է հայտնի

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վեցերորդ հանդիպումը: Կողմերը պայմանավորվել են շարունակել տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար:

Հատուկ ներկայացուցիչները նշել են նաև մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցության կարևորությունը. նախատեսվում է ստեղծել կրթաթոշակների հնարավորություններ բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար և համատեղ վերականգնել պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամուրջը:

Ռուբինյանն ու Քըլըչը քննարկել են նաև օդային հաղորդակցության ընդլայնումը. համաձայնություն է ձեռք բերվել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի 2026 թվականի ամռանից կողմերը կարողանան ավելացնել թռիչքների թիվը և նոր ուղիներ բացել:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված հարցերը և քննարկել 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված համաձայնության կյանքի կոչումը՝ բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Հատուկ ներկայացուցիչները ընդգծել են, որ գործընթացը կշարունակվի առանց որևէ նախապայմանի: