Իշխող կուսակցությունում «բուքմեյքերական» վեճ է բռնկվել. Ալեն Սիմոնյանն ու Հայկ Սարգսյանը փոխադարձ կարգապահական վարույթ են հարուցել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Հայկ Սարգսյանը փոխադարձ կարգապահական վարույթ են հարուցել միմյանց նկատմամբ։
Ըստ կուսակցության հայտարարության՝ այս տարվա ապրիլին ՔՊ վարչությունը Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ էր հարուցել Հայկ Սարգսյանի նկատմամբ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։
Հակառակ քայլն այս անգամ նախաձեռնել է Հայկ Սարգսյանը՝ դիմում ներկայացնելով Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ Վերահսկող հանձնաժողովը երկու անգամ փորձել է լսել պատգամավորի բացատրությունները, սակայն Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ Վերջին արդյունքով՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ հիմքեր չեն հայտնաբերվել։
Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ վեճը սկսվել է այն ժամանակ, երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է ներկայացրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու վերաբերյալ։ Ալեն Սիմոնյանը փորձել է կասեցնել նախագծի քվեարկությունը, քանի որ, ինչպես նշվում է շրջանառվող լուրերում, նա ֆինանսական շահ ունի խաղադրույք ընդունող Վիվառո ընկերությունից։ Վեճը հասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հանձնարարել է կողմ քվեարկել օրինագծին։ Արդյունքում՝ որոշումը ընդունվել էր 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ ձայներով:
