
Փաշինյանը ուզում է երդվյալ ատենակալների ինստիտուտ ստեղծել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության ֆորում»-ում հայտարարեց, որ Հայաստանում անհրաժեշտ է ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտ։ Նրա խոսքով՝ գործող Սահմանադրությամբ ժողովուրդն ու դատական իշխանությունը կտրված են միմյանցից, մինչդեռ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Փաշինյանը համոզված է, որ նոր Սահմանադրությունը պետք է ապահովի ժողովրդի և դատական իշխանության օրգանական կապը։
Նրա կարծիքով՝ երդվյալ ատենակալների համակարգը կստեղծի արդարադատության ստանդարտ, կդարձնի այն կանխատեսելի և պակաս օգտագործելի քաղաքական նպատակներով։
Վարչապետը հիշեցրեց, որ 2018-ի հեղափոխությունից հետո, երբ իշխանությունը հրաժարվեց միջամտել դատարաններին, «կոնկրետ շրջանակներ, այդ թվում՝ արտերկրում գտնվող, սկսել են թելադրել որոշումներ», ինչը նա համարում է հիբրիդային պայքարի մեթոդ։
Նշենք, որ սա Փաշինյանի առաջին հայտարարությունը չէ այս հարցով․ ավելի վաղ նա ընդգծել էր, որ երդվյալ ատենակալների համակարգը կարող է փարատել հասարակության կասկածները դատական համակարգի նկատմամբ։
Երդվյալ ատենակալների համակարգը գործում է աշխարհի տարբեր երկրներում, սակայն ոչ բոլորում։ Այն հիմնականում տարածված է անգլոսաքսոնական իրավական համակարգ ունեցող պետություններում: