Հայաստանը գնում է ռեֆորմների, բայց ապագան Եվրամիությունում անորոշ է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության գերխնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է, նույնիսկ եթե այն երբեք չբերի անդամակցության։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող «Ժողովրդավարության ֆորում»-ի շրջանակում կայացած պանելային քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեր հիմնական խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է, որովհետև երբ որ մենք էդ կետին հասանք, ընդունվենք՝ լավ, չընդունվեք՝ մենք մեր արդյունքը, մեր խնդիրը լուծել ենք, մենք մեր ստանդարտների հարցը լուծել ենք,- նշեց Փաշինյանը։
Այս հայտարարությունը կարող է վկայել, որ իշխանությունը պատրաստ է ծավալուն ռեֆորմներ իրականացնել՝ առանց որևէ երաշխիքի, որ հետագայում կանդամակցի ԵՄ-ին։ Ստացվում է, որ Հայաստանը ռիսկի է դիմում՝ միայն «ստանդարտներին հասնելու» համար, ինչը շատերի համար հարցականի տակ է դնում այդ քայլի օգտակարությունը։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրինագիծը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Օրինագիծը առաջացրել էր բազմաթիվ տարաձայնություններ ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական մակարդակում։
Կրեմլում կտրուկ էին արձագանքել Հայաստանի այդ քաղաքականությանը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ Նրա խոսքով՝ Երևանի որոշումը կարելի է դիտարկել որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ։ «Սա նման է «Տիտանիկի» տոմս գնելու»,- ասաց Օվերչուկը։
Այս պայմաններում ակնհայտ է դառնում Հայաստանի արտաքին քաղաքականության հակասականությունը․ մի կողմից՝ ձգտում է ԵՄ ինտեգրման, մյուս կողմից՝ ԵԱՏՄ անդամակցությունից հրաժարվում։ Իսկ եթե ԵՄ-ն ի վերջո դռնեը այդպես էլ Հայաստանի առաջ չբացի, Հայաստանն էլ հեռանա ԵԱՏՄ-ից, կստացվի, որ մենք կարող ենք կորցնել արդեն իսկ գոյություն ունեցող հնարավորություններն ու անվտանգային երաշխիքները։
