ՀայաստանՔաղաքականություն

Կողմերը բաց են քննարկման համար, բայց սահմանները մնում են փակ․ արդյո՞ք հայ-թուրքական բանակցությունները ընթանում են «ըստ ծրագրի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, թե Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է «ըստ ծրագրի», այդքան էլ հիմնավորված չէ։ Թեև հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը բազմիցս հանդիպել են (2022-ին՝ Մոսկվայում, Վիեննայում և 2024-ին՝ հայ-թուրքական սահմանին), գործընթացի տեմպը դանդաղ է։

Դա հատկապես ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք Սերդար Քըլըչի՝ Հայաստան կատարած այցը, որը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 12-ին։ Այս այցը առաջինն էր 2022 թվականին բանակցությունների մեկնարկից ի վեր։ Ավելի քան երեք տարվա ընթացքում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի առաջին այցը Հայաստան՝ հազիվ թե կարելի է բնութագրել որպես «ըստ ծրագրի» կամ արագընթաց։ Հատկապես այցի ընթացքում քննարկվել է նաև 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացման հարցը, մասնավորապես՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը։ Այս փաստը ինքնին ցույց է տալիս, որ պայմանավորվածությունները երկար ժամանակ չեն կատարվել։ Եթե երեք տարի առաջ ձեռք բերված համաձայնությունը դեռևս «արագացման» կարիք ունի, ապա դա վկայում է Թուրքիայի կողմից իր պարտավորությունների դանդաղ կամ անբավարար կատարման մասին։

Թուրքիան շարունակում է սերտորեն կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ՝ աջակցելով Ադրբեջանի դիրքորոշմանը։ Ադրբեջանն էլ, իր հերթին, խաղաղության պայմանագիրը կնքելու համար պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Այդ գործի մասին բազմիցս խոսել ենք։ Դրա մասին շեշտվեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում։

Պետք է հիշել Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը․ դեռ 2022 թվականի հուլիսին նա նշել էր, որ հայ-թուրքական բանակցային գործընթացի հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից, և որ Հայաստանը միշտ կառուցողական է եղել։ Նմանատիպ հայտարարություն էլ Էրդողանին էր։ Այն ավելի շատ ուղերձ է այն մասին, թե Անկարան միջազգային հարթակում կառուցողական դեր է ցուցադրում։

«Ըստ ծրագրի» ընթացող բանակցություններում որևէ արդյունքի կողմերը չեն հասել։ Օրինակ, Անիի կամրջի վերականգնման շուրջ երկխոսությունը սկսվել էր դեռևս 2023 թվականին, սակայն մինչ օրս դրա բացման մասին լուր չկա։ Ամռանը կայացած հանդիպմանը կողմերը ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը, բայց տեսնում ենք, որ Թուրքիան այս հարցը կապում է հայ-ադրբեջանական կարգավորման հետ։ 2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն, պայմանավորվածությունից երկու տարի անց չկա այն հարցի պատասխանը, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։