ՀայաստանՔաղաքականություն

Փաշինյանը մեկնել է Ռուսաստան․ սպասվում է հանդիպում Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-28-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին։ Վարչապետը համաժողովում հանդես կգա ելույթով։

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այցի ընթացքում նախատեսվում է Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում։

Համաժողովին Պուտինի հետ միասին մասնակցելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, ինչպես նաև Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը։

Փաշինյանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել էին օգոստոսի 31-ին Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում։

Նշենք, որ վարչապետը սեպտեմբերի վերջին նաև մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով։