
«Հայաստան» խմբակցությունը միացավ Փաշինյանին իմփիչմենթի նախաձեռնությանը
2026 թվականին Հայաստանում նախատեսվում են հերթական խորհրդարանական ընտրությունները, սակայն հանրային տրամադրությունները վկայում են, որ դրանք անցնելու են խորացող անվստահության և լարվածության մթնոլորտում։ Քաղաքական դաշտը շարունակում է մնալ բևեռացված․ իշխանությունը խոստանում է շարունակել «բարեփոխումների օրակարգը», մինչդեռ ընդդիմադիր ուժերը պնդում են, որ կառավարման համակարգը տապալված է և խոսում են վարչապետի ինպիչմենտից։
Ազգային ժողովում սեպտեմբերի 26-ին կայացել են «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած լսումները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով։ Օրակարգում «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծն էր։
Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենց նպատակն է ընդդիմադիր ուժերի համախմբումը իշխանափոխության օրակարգի շուրջ։
Նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը փոխանցեց իրենց խմբակցության ստորագրությունները՝ միանալով վարչապետին անվստահություն հայտնելու նախագծին։ Մինչ այս նախաձեռնությանը միացել էին միայն «Պատիվ ունեմ» խմբակցության վեց պատգամավորները։
Խորհրդարանի դահլիճից դուրս՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունենում բողոքի ակցիա․ հավաքված քաղաքացիները պահանջում են Փաշինյանի իմփիչմենթը։
Նախաձեռնությանը զուգահեռ, ՀՀԿ-ն և մի շարք արտախորհրդարանական ուժեր սկսել են հանդիպումներ՝ քննարկելու ընդդիմադիր դաշտի միասնական գործելակերպը։ Հայտնի է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչպես նաև Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը արդեն հանդիպել են Րաֆֆի Հովհաննիսյանին, Վազգեն Մանուկյանին, Արթուր Վանեցյանին և այլ քաղաքական գործիչների։
Ըստ Մամիջանյանի՝ իմփիչմենթին հասնելու առաջին քայլը խորհրդարանական ընդդիմության համախմբումն է։