«Իրանի թուլացումից ավելի են ակտիվանալու Հայաստանի և Իրանի հակառակորդները»․ արաբագետ
Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը Իսրայելի ռազմավարական նպատակն է, պարզապես այս պահին Իսրայելը զբաղված է իր համար շատ ավելի կենսական խնդիրներով, սրա մասին մեզ հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը ավելի քան 200 բալիստիկ հրթիռներով հարվածել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվին։ Ինչպես նշում են իրանական լրատվամիջոցները՝ սա պատասխան էր «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի և «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահվան համար։
Իսրայելը խոստացել է հակահարված տալ Իրանին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իրանը «մեծ սխալ» է թույլ տվել և «կվճարի»։
Այն հարցին, թե ինչ հետևանքներ կունենան Իրան-Իսրայել հարձակումները, արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ կան մի քանի հանգամանքներ, որոնցով էլ պայմանավորված է հետագա զարգացումները։
Հետևանքները պայմանավորված են Իսրայելի պատասխանից, թե ինչ ձևաչափում, ինչ մասշտաբի պատասխան Իսրայելը կիրականացնի Իրանի դեմ, և իհարկե, Միացյալ Նահանգների դիրքորոշումից, քանի որ Իսրայելը միայնակ, առանց Միացյալ Նահանգների հետ խորհրդակցելու չի կարող գործողություն իրականացնել։ Այս պահին, գուցե, թիրախային ինչ-որ գործողություն իրականացվի։
Թե արդյոք սա մասշտաբայնություն ձեռք կբերի, Արմեն Պետրոսյանը՝ չբացառելով տարածաշրջանային ընդգրկումը, նշեց, որ այս ավելի ընդգրկում լինի։
Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը Իսրայելի ռազմավարական նպատակն է։ Պարզապես այս պահին Իսրայելը զբաղված է իր համար շատ ավելի կենսական խնդիրներով, մասնավորապես՝ Լիբանանում «Հզըբոլլահի» դեմ պատերազմով, «Հըզբոլլահի» ռազմական ներուժի ռազմաքաղաքական ազդեցության չեզոքացմամբ, քանի որ այս պահին դա Իսրայելի համար շատ ավելի մեծ կարևորություն ունեցող խնդիր է, քան Իրանի դեմ ավելի մասշտաբային պատերազմը, որը ևս կարևոր է, քանի որ դա կարող է Իսրայելին տալ նաև որոշակի տարածքային ձեռքբերումներ։
Սա է պատճառը, որ, գուցե, այս պահին ավելի մեծ տարածաշրջանային ընդգրկում չունենա, բայց, իհարկե, ձնագնդի էֆեկտով այս պայթյունավտանգ աստիճանը տարածաշրջանում ավելի կարող է մեծանալ։
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը արդեն նշել էր, որ հայերի ազգանուններ չկան զոհերի ցուցակում։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը անդրադարձավ նաև Իրան-Իսրայել հակամարտության՝ Հայաստանի և լիբանանահայերի վրա ազդեցության մասին՝ նշելով, թե ինչ ազդեցություններ կարող են լինել։
Գիտենք, որ տարածաշրջանում այս պահին միաժամանակ մի քանի թեժ կետեր կան, որոնցից մեկն էլ Լիբանանն է, իսկ այնտեղ մենք ունենք բավականաչափ մեծաթիվ և կազմակերպված համայնք (մոտավորապես 50-ից 60 հազար), որը փաստացի ուղիղ ռազմական գործողությունների թատերաբեմում է գտնվում, չնայած՝ ոչ թիրախում։ Միանշանակ, Լիբանանում պատերազմի մասշտաբների ընդլայնումը ուղիղ ազդելու է նաև լիբանանահայ համայնքի և՛ անվտանգության, և՛ սոցիալ-տնտեսական վիճակի վրա, չնայած որ արդեն տևական ժամանակ Լիբանանում ստեղծված իրավիճակով պայմանավորված այդ մարտահրավերները կային։
Չմոռանանք նաև, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում ունենք նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներ։ Անուղղակի կերպով, բնականաբար, այս ամբողջ գործողությունների հետևանքով թուլանում է Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Իսկ մենք գիտենք, թե որքան կարևոր հարցերում են Հայաստանի և Իրանի դիրքորոշումները խաչվում մեր տարածաշրջանում՝ հատկապես թուրքական շահերի առումով։
Իրանի թուլացումից ավելի ակտիվանալու են Հայաստանի և Իրանի հակառակորդները՝ Թուրքիան, Ադրբեջանը, որոնք արդեն իսկ ոչ հրապարակային, բայց էականորեն շահում են այն իրավիճակից, որը ձևավորվել է Մերձավոր Արևելքում և որից տուժում է Իրանը։ Այսինքն՝ դա ռազմավարական առումով մեր դիրքերը թուլացնելու է, որովհետև մեր ռազմավարական շահակից պետությունը թուլանալու է տարածաշրջանում։