
ՀԱԿ–ը հրաժարվում է դաշինքից նախկին նախագահների հետ
Ազգային ժողովում հնչած ելույթով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը փորձեց հստակեցնել քաղաքական դաշտի հնարավոր կոմբինացիաները։ Նա հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը դաշինք չի կազմի ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ։ Այս հայտարարությունը մի կողմից փորձում է փակել խոսակցությունները ՀԱԿ–ի և նախկին իշխանությունների հնարավոր համագործակցության մասին, մյուս կողմից՝ այն կրկին բարձրացնում է ընդդիմադիր դաշտի ամենակարևոր հարցը․ իսկ ո՞վ է այն ուժը, որը պատրաստ է իրական այլընտրանք դառնալ գործող իշխանությանը։
Զուրաբյանը, ինչպես միշտ, իր քննադատության հիմնական թիրախում դնում է Նիկոլ Փաշինյանին։ Նրա խոսքով՝ վերջին յոթ տարիները աղետալի են եղել Հայաստանի համար․ կորցրել ենք Արցախը, բազմիցս ռազմական բախումներ ունեցել Ադրբեջանի հետ, իսկ հիմա վտանգը կախված է Սյունիքի վրա։ Նա ընդգծեց, որ Փաշինյանը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկները, որոնք, ըստ Զուրաբյանի, կարող էին ապահովել խաղաղություն՝ հինգ շրջանների փոխանակման գնով։
Սակայն այստեղ ծագում է մի քանի հարց։ Նախ, եթե այդ փաստաթուղթն իսկապես իրագործելի էր և կարող էր կանխել հետագա աղետները, ինչո՞ւ այն ժամանակ նույն ՀԱԿ–ը կամ այլ քաղաքական ուժեր չկարողացան այդ մասին լայն հանրային քննարկում կազմակերպել։ Իսկ եթե այդ փաստաթուղթն իր մեջ պարունակում էր վտանգավոր դրույթներ, ապա արդյո՞ք դրա մերժումը ինքնին չպետք է դիտարկվի ոչ թե հանցագործություն, այլ քաղաքական որոշում, որի պատասխանատվությունն արդեն պետք է քննարկվի փաստերով, այլ ոչ թե միայն մեղադրանքներով։
Զուրաբյանը նաև ասում է, որ ժողովուրդը դեռ չի տեսնում վստահելի այլընտրանք, դրա համար էլ չի դուրս գալիս փողոց։ Սա ճիշտ դիտարկում է։ Սակայն հարցն այն է, որ նույն ՀԱԿ–ը, քննադատելով իշխանություններին և հրաժարվելով համագործակցել նախկին նախագահների ուժերի հետ, արդյո՞ք ինքն է պատրաստ այն լուրջ ծրագրով և առաջնորդությամբ հանդես գալ, որը կկարողանա համոզել հասարակությանը։
Այսպիսով՝ ՀԱԿ–ը փորձում է դիրքավորվել որպես առանձին ուժ, սակայն իր արտահայտած մտքերից երևում է մեկ այլ խնդիր․ նրանք էլ չունեն այն ճանապարհային քարտեզը, որը կարող է մարդկանց համոզել, որ փոխելու են ոչ միայն իշխանությանը, այլ նաև կառավարման մոդելը։ Քաղաքական դաշտի ճգնաժամը հենց այստեղ է․ բոլորը քննադատում են, բայց չեն առաջարկում։
2026 թվականի ընտրություններին մնացել է ընդամենը ամիսներ։ Եթե ՀԱԿ–ը կամ որևէ այլ ուժ չներկայացնի հստակ ծրագիր և վստահելի առաջնորդություն, ապա հասարակությունը կարող է կրկին կանգնել նույն ընտրության առաջ։