ՀայաստանՔաղաքականություն

Դատախազությունը պահանջում է 2 տարի 6 ամիս ազատազրկում՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի համար

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրող կողմն առաջարկել է նշանակել 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Այս մասին սեպտեմբերի 29-ին դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ մեկնարկած լրացուցիչ դատական լսումների ժամանակ հայտնեց հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը։ Նա նշեց, որ գործով գույքային վնաս չկա, ուստի գույքային պահանջներ չեն ներկայացվում։ Նիստի սկզբում պաշտական կողմը դատավոր Արմինե Մելիքսեթյանի դեմ ներկայացրեց հերթական՝ արդեն երրորդ բացարկը, որը մերժվեց։

Պաշտպանական կողմը շարունակում է պնդել սրբազանի անմեղությունը։ Պաշտպան Արա Զոհրաբյանը դատական գործընթացն «կանխատեսելի» համարեց և ընդգծեց՝ «այս դատավարությամբ, ցավոք, արդարադատության զգացում չունեցանք»։ Փաստաբանի խոսքով՝ սեպտեմբերի 24-ին մեղադրական վերդիկտից հետո դատավորը կողմերին չի պարզաբանել մինչև հաջորդ նիստը միջնորդություններ ներկայացնելու իրավունքի մասին։ Սա համարվում է օրենքի խախտում։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ մեղադրանքի համար նախատեսված պատժատեսակները տատանվում են տուգանքից մինչև հանրային աշխատանքներ, սակայն դատախազությունը պահանջում է ամենածանր տարբերակը՝ ազատազրկում 2 տարի 6 ամսով։ Սարգսյանը հիշեցրեց, որ նախկինում նույնատիպ մեղադրանք առաջադրվել էր ընդդիմադիր գործիչ Վազգեն Մանուկյանին, սակայն վերջինիս նկատմամբ որպես պատիժ նշանակվել էր 400 հազար դրամ տուգանք։ Նա նաև նշեց այլ նախադեպեր, որոնք ընդհանուր են Միքայել սրբազանի գործի հետ՝ ընդգծելով, որ նման դեպքերում սովորաբար կիրառվել են մեղմ պատժատեսակներ, այլ ոչ թե ազատազրկում։

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է հրապարակային կոչերի համար, որոնք, ըստ մեղադրանքի, ուղղված են եղել իշխանությունը զավթելուն, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն։ Գործը վերաբերում է 2024 թվականի փետրվարի 3-ին և 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ներից մեկին տրված հարցազրույցներին, որոնցում սրբազանը, ինչպես մեղադրանքում է նշվում, հնչեցրել է «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Իրավապահների կողմից ներկայացված հիմնավորումները պարզաբանվում են նրանով, որ նույն հրապարակային կոչը սրբազանը բազմիցս կրկնել է, ինչը, ըստ մեղադրանքի, հասցեագրված է հասարակությանը՝ որպես իշխանության զավթման կոչ։

Վերջնական դատական ակտը կհրապարակվի 2025 թվականի հոկտեմբերի 3-ին՝ 17։30-ին։