ՀայաստանՔաղաքականություն

ՀՅԴ-ն դատական հայց է ներկայացրել իշխանական մի քանի պատգամավորի դեմ զրպարտության համար

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դատական հայց է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դեմ։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը։

Կուսակցության հայտարարության համաձայն՝ նշված անձինք հրապարակայնորեն ՀՅԴ-ի հասցեին հնչեցրել են զրպարտիչ և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ։

Մասնավորապես, Գևորգ Պապոյանը օգոստոսի 21-ին «Armtimes.com»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՅԴ-ն «պատերազմի կողմ» է և մեղադրել կուսակցությանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենքեր ներխուժելու ու գույք գողանալու մեջ։

ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը սեպտեմբերի 10-ին նույն լրատվամիջոցով պնդել է, որ ՀՅԴ-ն կազմակերպել է Արարատ Միրզոյանի սպանության փորձը և մասնակցել Ազգային ժողովի ու կառավարության շենքերում տեղի ունեցած ջարդերին։

Իսկ Արամ Սարգսյանը օգոստոսի 27-ին մեկ այլ լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, թե «դաշնակցականներն են» մերժել Ադրբեջանի նախագահի առաջարկները և մասնակցել Եվլախի բանակցություններին։

ՀՅԴ-ն հայտարարում է, որ այս բոլոր պնդումները սուտ են և չունեն որևէ փաստական հիմք։ «Մենք դրանք գնահատում ենք որպես կանխամտածված զրպարտություն։ Ուստի դիմել ենք դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն և պատճառած վնասի փոխհատուցում»,- նշված է կուսակցության հաղորդագրությունում։

Կուսակցության տեղեկատվությամբ՝ գործով զբաղվում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։