
Ռոբերտ Քոչարյանի թիմը կմասնակցի 2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին
Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է իր քաղաքական թիմի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման մասին՝ նախապես խոստովանելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեները գերազանցելու են իր թիմի ստանալիք արդյունքները։
Ի՞նչ տրամաբանության մեջ է նման հայտարարություն կատարում իշխանությունը Հայաստանում վերցնելու ցանկություն հայտնած քաղաքական թիմի առաջնորդը, եթե նախապես խոստովանում է դա իրականացնել չկարողանալու մասին։
Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց իր գնահատականները, ըստ որոնց՝ գործող իշխանությունները, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դեռ առաջ են քվեների առումով, սակայն ընդդիմադիր միավորումները կարող են լուրջ մարտահրավեր ներկայացնել, եթե համախմբվեն: Նման փորձ արդեն կիրառվել են մի շարք համայնքային ընտրություններում (Գյումրի, Փարաքար), որտեղ ընդդիմադիրները միավորվում էին իշխանությունների դեմ։ Այդ իսկ պատճառով այժմ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ սնկի պես արագ սկսում է աճել կուսակցությունների թիվը, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմադիր այլև՝ իշխանական։
Քոչարյանը ընդգծում է, որ սոցիոլոգիական տվյալները ցույց են տալիս երկու հիմնական քաղաքական ուժ, որոնք կարող են մտնել խորհրդարան՝ «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման վրա ստեղծվող նոր կուսակցությունը: Նա նաև ընդգծեց, որ իր դաշինքի նախընտրական ցուցակը կգլխավորի այն անձը, ով սոցիոլոգիական հարցումներով ամենաշատ ձայնը կհավաքի։
Կարծում եմ, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն և զանգվածի կոնսոլիդացման հնարավորություն։ Բավարա՞ր են իմ ձայները։ Ոչ, բավարար չեն։ Կուզենայինք, որ այլ ուժեր ևս ստեղծվեին, որոնց հետ համագործակցությունը կբերեր իրավիճակի փոփոխության։ Այո, կցանկանանք և դրա մասին խոսում ենք շատ պարզ և հասկանալի ձևով, — նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ 2008 թվականին լքել է քաղաքականությունը և չի մասնակցել քաղաքական գործընթացներին, սակայն հիշեցրեց՝ հիմա քաղաքական դաշինքի առաջնորդ է:
Քոչարյանը քննադատեց գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ նշելով սոցիալական անարդարությունը, աղքատության բարձր մակարդակը և կոռուպցիան` որպես հիմնական խնդիրներ, որոնց պատճառով գործող կառավարությունը դժվար թե կարողանա պահպանել իր դիրքերը: Նա ընդգծեց, որ Փաշինյանը ընտրությունների ժամանակ կփորձի առաջադրել խաղաղության և ժողովրդավարության օրակարգ, սակայն ըստ Քոչարյանի՝ երկրի իրական իրավիճակը՝ ներառյալ հասարակական դժգոհություններն ու իրավական խախտումները, հակասում են այդ օրակարգին:
Քոչարյանը իր թեզերը առաջ տանելու համար օգտագործում է տվյալներ, որոնք, ըստ նրա, սոցիոլոգիական հարցումների հիման վրա են արվել։ Այս փաստը, սակայն, կասկածելի է թվում։ Հարցեր են առաջանում, թե երբ, ինչ պայմաններում և քանի մարդ է մասնակցել այդ սոցիոլոգիական հարցմանը։ Բացի այդ՝ Քոչարյանը չի խոսում Սերժ Սարգսյանի մասին, որի հետ, կարծես, փորձում էին իմպիչմենթի գործընթաց սկսել Փաշինյանի դեմ։ Այնուամենայնիվ, այս ամենից կարելի է եզրակացնել, որ քաղաքականության մեջ ընդհանուր բարեկամներ չկան, կան միայն ընդհանուր շահեր։
Հիշեցնենք, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեների 53.95, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 21.11 տոկոսը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում պատգամավորական մանդատներ է ստացել 5.22 տոկոս քվեներով: