
Հայաստանի Ազգային ժողովում կրկին թեժ քննարկումներ էին․ թեման՝ Ադրբեջանի կողմից տարանցիկ ճանապարհը բացելու հայտարարությունը
Ադրբեջանը բացել է տարանցիկ ճանապարհը բեռների փոխադրման համար, ինչի արդյունքում առաջին անգամ ղազախական հացահատիկը Հայաստան կմտնի Ադրբեջանի տարածքով։ Այս հայտարարությունն Ազգային ժողովում առաջացրել է ակտիվ քննարկումներ։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց․ «Ասում էին՝ խաղաղության հռչակագիրը միակողմանի զիջում է։ Իսկ հիմա՞՝ երբ առաջին անգամ կարողանում ենք ցորեն բերել Ղազախստանից»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մեկնաբանեց, որ սա պատմական իրադարձություն է․ «Երեկ պարզ դարձավ՝ վերջին 30 տարում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն է ներկրվում Հայաստան։ Զարմանում եմ ընդդիմադիրների արձագանքներից՝ ոնց որ վատ բան է տեղի ունեցել»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վրդոհվված էր. «Տպավորություն է, որ երկաթգծով գալու է, մտնելու է Հայաստան։ Չէ՝ Վրաստանով է գալու Հայաստան»։
Նման գործընթացը, ըստ իշխանության, կարող է նպաստել տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը և գների կայունացմանը։ Սակայն ընդդիմադիր ուժերը մտահոգված են։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մինչև համաձայնության հաստատումը նշել էր, որ չի ցանկանում Հայաստանը կախվածության մեջ հայտնվի Ադրբեջանից․ «Հնարավոր է մի օր նրանք փակեն ճանապարհը, և Հայաստանը կանգնի սննդի պակասի առաջ»։
Հիշեցնենք, որ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանները փակ են եղել տարիներ ի վեր։ Այժմ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս շուտ բացել այդ սահմանները։
Այս իրադարձությունը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն ունի․ մի կողմից՝ տնտեսական առաջընթացի և համագործակցության հնարավորություն, մյուս կողմից մտահոգություններ՝ տնտեսական ռիսկերի և անվտանգության հարցերի հետ կապված, որոնք շարունակում են սրել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների դիրքորոշումները։