ՀայաստանՔաղաքականություն

Կառավարության որոշմամբ է Հովհաննավանքն ու հարակից հողամասը փոխանցվել եկեղեցուն

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով՝ Հովհաննավանքի շենքն ու հարակից հողամասը Հայ առաքելական եկեղեցուն են փոխանցվել կառավարության որոշմամբ։ Այս մասին նա հայտնել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը եկեղեցիների պետական կարգավիճակի վերանայման մասին։

Թովմասյանը հավելել է, որ դեռ պետք է ծանոթանա փաստաթղթերին՝ պարզելու, թե գույքը եկեղեցուն տրվել է սեփականության, թե օգտագործման իրավունքով։

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տվյալներով՝ այս պահին Հայ առաքելական եկեղեցու ենթակայության տակ գտնվում է շուրջ 600-700 անշարժ գույք։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստվում է վերանայել այն վանքերի և եկեղեցիների կարգավիճակը, որոնք պետությունը անհատույց օգտագործման է տվել Հայ առաքելական եկեղեցուն։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի զեկուցագրի հիման վրա Տ․ Արամ քահանա Ասատրյանը վերջերս կարգալույծ էր հռչակվել և պետք է դադարեցներ իր հոգևոր ծառայությունը։ Սակայն նա ոչ միայն չի հեռացել Հովհաննավանքից, այլև հոկտեմբերի 26-ին պատարագ էր մատուցել, որին մասնակցել էին իշխող կուսակցության մի շարք պատգամավորներ։